Հաճախ ուղղակի հոգնում ես` լսելով, թե ինչպես են բողոքում առօրյայից, ունեցած անհաջողություններից, չիրականացված երազանքներից, բայց այս դեպքում ևս մենք բոլորս իրար նման ենք: Միանշանակ` ապրելը ոչ մեկի համար էլ նախօրոք գրված պիեսի բեմադրում չէ. կան վերելքներ, վայրէջքներ, անհաջողություններ ու կորուստներ: Մեր տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպիսի վերաբերմունք ենք ցուցաբերում իրականությանը. հաշտվու՞մ ենք նրա հետ, բողոքո՞ւմ նրանից, թե՞ փորձում փոխել այն: Ինչպիսին էլ լինի որոշումը, գոնե մի պահ պետք է ծանոթանալ իրականության հետ, փորձել նրան ճիշտ գնահատել ու ապա շարժվել առաջ: Սովորաբար Իրականությունը սկսվում է առավոտյան. արթնանալիս առաջին միտքը պայմանավորում է օրվա սկզբի հաջողությունը: Որքան դրական լինեն այդ առաջին էմոցիաներն, այնքան էներգիայով լեցուն կլինի առօրյան, չէ՞ որ դրական էմոցիաներն անսպառ էներգիայի աղբյուր են: Երբեմն նույնիսկ լավ տրամադրությունը որոշակի աշխատանքի արդյունք է, որի համար չպետք է ջանք խնայել, միևնույնն է օգուտն ավելի մեծ է ստացվելու: Փորձեմ նկարագրել մի առավոտ, որ համոզված եմ, կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել եք…
"6:30, 7:49… 8:24 ու հանկարծ 8:50… Ժամանակը չի անցնում, բայց նրան չեն էլ սպասում: Աննպատակ օր, երբ ոչինչ չես պլանավորել ու իր իմաստով ավելի դատարկ է, քան նախորդը ու գուցե ավելի իմաստավոր, քան կլինի հաջորդը: Աչքերը բացելուն պես միայն նոր ծանրության զգացում, որը կարծես սեփական թոքերում նստած լինի: Ամեն ներշնչումից հետո արտաշնչումն ավելի է դժվարանում: Մարմնի յուրաքանչյուր բջիջը հոգնածություն է կրում, այն ամբողջությամբ ցավում է. ցավ, որ կարծես սրտից է ճառագայթվել, ինչ-որ տարօրինակ սարդոստայնով տեղափոխվել գանգի ներսը, իսկ այնտեղից էլ նեյրոնների ընթացքով հաղորդվել մկաններին, մաշկին, անգամ հասել մինչև ոսկրերը: Միակ դրդող հանգամանքը, որ ստիպում է արթնանալ ստամոքսի այրող ցավն է: Քա՛ղց, միթե՞ սա է այն միակ պատճառը, որի համար շարունակում ես ապրել… Դադարում ես հաճույք զգալ, սնունդը դառնում է հասարակ վառելանյութ, որպեսզի շարունակես տառապել, տալիս է էներգիա, որը միայն ինքդ քեզ տանջելու վրա ես ծախսելու: Գուցե անգամ արժե դադարել սնվել, ոչնչանալ, սպառվել, անհետանալ……. Բայց հենց այստեղ էլ նկատում ես կյանքի ամենամեծ պարադոքսը. ձգտում ես ապրել, երբ իրականում հոգիդ հրաժեշտ է տվել անգամ փոքրիկ ուրախություններ ընկալելու ընդունակությանը…”
Մարդիկ սիրում են տանջվել ու այն պատճառով, որ իրենց մեջ բավարար ուժ չեն գտնում պայքարելու իրենց երջանկության համար: Հեշտությամբ հաշտվում են իրենց թվացյալ դժբախտության հետ: Թվացյալ, որովհետև փոխելու դեպքում այն դադարում է դժբախտություն լինելուց, այլ ընկալվում է որպես Հնարավորություն: Նույն առավոտը կարող էր բացվել միանգամայն այլ կերպ. օրինակ լի հույսով ու սպասումներով: Անգամ, երբ Իրականությունը ստիպում է հաշտվել իր հետ և ոչ մի հնարավորություն չի տալիս իրեն փոխելու, ապա Երջանկությանը փնտրելու փոխարեն պետք է սկսել այն Կառուցել հենց Իրականության հարևանությամբ: Մի գավաթ թեյ սիրած խմորեղենի հետ, հաճելի երաժշտություն մարմնամարզության հետ, փոքրիկ հաճոյախոսություններ հարազատներին ու ընկերներին, մի քանի հանճարեղ մարդկանց դրական մտքեր և հավատ սեփական ուժերի հանդեպ: Ամեն ինչ, ա՜խր կարող է միանգամայն այլ ընթացք ստանալ :
Այսպես, թե այնպես երկու դեպքում էլ աչքերը բացելու հետ մեկտեղ մենք ընտրություն ենք կատարում ու թո՛ղ այդ ընտրությունը միայն Երջանկություն բերի…