Ստյուարտը նաև պարզեց, որ մարդիկ, որոնք տառապում են այդ սինդրոմով, իրենց «հիվանդությունը» քողարկելու համար գտել են խորամանկ լուծումներ: Ախտորոշվածներից շատերը աշխատանքից դուրս իրենց օրվա մեծ մասը անց են կացնում հեռուստացույցի առջև՝ ստեղծելով թվացյալ զբաղվածության վիճակ: Չհասկանալով, թե ինչ օգտակար գործով կարելի է զբաղվել ազատ ժամանակ, ինչ կարելի է սովորել կամ ինչ մտահաղացումներ կարելի է իրագործել, նրանք գտել էին ամենահեշտ տարբերակը՝ ընդհանրապես չմտածել այդ մասին՝ տրվելով հեռուստացույցին: Ախտորոշվածների մյուս մասը իրենց ժամանակը սպանում էին գարեջրատներում և սրճարաններում՝ խմելով հերթական բաժակ սուրճը և դատարկելով ծխախոտի հերթական տուփը: Անկասկած՝ նույնպես «լուրջ զբաղմունք է»: Պարապության սինդրոմով տառապող մարդկանց մյուս մասն էլ իրենց ազատ ժամանակը օգտագործում էին այլ մարդկանց ժամանակը խլելու և նրանց նույնպես իրենց սինդրոմով վարակելու վրա: Նրանք դա անում էին առանց գիտակցելու՝ ուղղակի պարապ չմնալու համար:
Վերջնական եզրակացությունը, որն արեց Ստյուարտն իր հետազոտության արդյունքում հետևյալն էր՝ պարապության սինդրոմով տառապող մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց կյանքի արագ ռիթմը, մտավոր և հոգևոր առումով այլևս չեն աճում կամ աճում են շատ դանդաղ, սպառում են իրենց երևակայությունը, ժամանակի ընթացքում կամ գիրանում են կամ ձեռք են բերում ինչ-որ հիվանդություն՝ որպես արդյունք պարապ ժամանակ ունեցած սթրեսային իրավիճակների և բացասական մտածմունքների, նրանք հրաժարվում են մեծ նպատակներից, քանի որ մեծ նպատակներ ունեցող մարդը չի կարող պարապ մնալ և ամենացավալին այն է, որ այդ ամենը նրանք չեն զգում: Այսինքն, նրանք չեն զգում, որ ունեն այդ «ախտանիշները»: Դրանք գալիս են ծածուկ և հարվածում են մեջքից:
Ստյուարտի հետազոտության արդյունքում… Լավ, արդեն բավական է: Իրականում այս պատմությունը հորինված է՝ չկա ոչ մի պրոֆեսոր Ջոն Ստյուարտ և ոչ մի հետազոտություն: Այն հորինված էր ձեր ուշադրությունը թեմայի վրա առավել կենտրոնացնելու նպատակով: Բայց պարապության հետ կապված «ախտանիշները» հորինված չեն՝ դրանք կան: Հիշեք, պարապությունը մարդու ամենավտանգավոր թշնամիներից մեկն է: Ամենավտանգավոր, որովհետև դուք չեք զգում դրա ազդեցությունը, բայց այն փորձում է «տապալել» ձեզ: Պարապությունից մարդիկ սկսում են վատ բաների մասին մտածել, իսկ ինչպես գիտեք, այն, ինչ մեր մտքերում է, ժամանակի ընթացքում դառնում է իրականություն: Նաև պարապությունից մարդը դադարում է զարգանալ, աճել, սովորել դպրոցական տարիների ջանասիրությամբ, նպատակներ դնել և դրանց հասնել: Երբեք պարապ մի մնացեք: Եթե դուք օրվա ընթացքում շատ եք պարապ ժամանակ ունենում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: