Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Декабрь » 20 » Մի քննադատեք ուրիշներին
12:37
Մի քննադատեք ուրիշներին
Քննադատություն

Մենք շատ հաճախ ենք այլ մարդկանց քննադատում: Մենք քննարկում ենք ուրիշների արած քայլերը, վերլուծում ենք դրանք, չգիտես ինչու բարկանում, հետո էլ սկսվում է մեղադրանքների տարափ տեղալ: Եվ ամբողջ բանը կայանում է նրանում, որ հաճախ այդ ուրիշները և նրանց արած քայլերը մեզ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն: Չնայած ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքով մարդկանց քննադատելու հոգեբանական պատճառներից մեկն այն է, որ թերագնահատելով ինչ-որ մեկի արժեքը` մենք ենթագիտակցորեն փորձում ենք բարձրացնել մեր արժեքը: Քննադատելով դիմացինին` մենք փորձում ենք ընդգծել մեր կարևորությունը կամ միգուցե ուշադրություն գրավել մեր վրա կամ էլ ուղղակի այնքան զայրացած ենք, որ չենք կարողանում ղեկավարել մեր զգացմունքները:

Ամեն դեպքում, որն էլ լինի պատճառը, պետք է հասկանալ հետևյալը:

Քննադատությունը ոչինչ չի փոխում

Հավաքվում են մի անկյունում մի քանի մարդիկ ու սկսում քննադատել սրան ու նրան: Ասում, խոսում, զայրանում, հետո ուրախանում` չէ՞ որ համախոհներ կան: Բայց ի՞նչ է դրանից փոխվում: Ոչի՛նչ: Ուղղակի վատնվում է այն թանկարժեք ժամանակը, որը կարելի էր ծախսել ստեղծելու համար` փոխարենը «քանդելու»: Հիշեք, քննադատել` չի նշանակում գործել: Քննադատել` նշանակում է ուղղակի խոսել:

Քննադատությունը բացասական է

Ուրիշներին քննադատելով` մենք բացասական էներգիա ենք «արտադրում»: Բայց այդ բացասական էներգիան, իհարկե, չի գնում հասնում նրան, ում հասցեին մենք խոսում էինք: Մենք ինքներս ենք այն վերցնում մեզ վրա և փոխանցում ենք դա շրջապատին` չնայած այդ մասին կարող ենք նույնիսկ չգիտակցել:

Քննադատությունը` մեր կյանքը չէ

Հուսով եմ` արդեն կարդացել եք Ապրեք ձեր կյանքով, այլ ոչ թե ուրիշներիհոդվածը: Այնտեղ խոսվում է գրեթե նույն բանի մասին, որ քննադատելով` մենք ապրում ենք ուրիշի կյանքով, փոխարենը մտածենք սեփականի մասին: Վերջերս նման մի միտք հանդիպեցի. «Քննարկո՞ւմ եք իմ կյանքը: Նշանակում է` այն ավելի հետաքրքիր է, քան ձերը»: Այս խոսքերում ամեն ինչ ասված է: Եթե մենք ինքներս շատ անելիքներ ունենք, նպատակներ ունենք, որոնց ձգտում ենք հասնել և մեր կյանքը լեցուն է, ապա ժամանակ չի մնա ուրիշներին քննադատելու համար: Մենք այնքան զբաղված կլինենք մեր գործերով ու սեփական խնդիրներով, որ չենք լցնի մեր ուղեղը ավելորդ մտքերով: Քննադատությունը նաև պարապության և անգործության արդյունք է: Ի՞նչ անի մարդը, եթե այդ պահին նա ուրիշ անելու բան չունի: Իհարկե` քննադատի ուրիշներին: Եղեք այնքան զբաղված, որ ժամանակ չմնա ուրիշներին քննադատելու համար:

Просмотров: 556 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]