17:30 Գուգլը 12 տարեկան է |
Այսօր գուգլը տոնում է իր 12-ամյակը։ Այս առիթով գուգլն իր գլխավոր էջում տեղադրել է հոբելյանական տորթ-լոգո (որն, ի դեպ, ստեղծվել է 89-ամյա Վայնե Թիբաուդի կողմից՝ ճանաչված նկարիչ, որը «մասնագիտացել է» տորթեր եւ թխվածքներ պատկերելու մեջ)։ Գուգլի այսպիսի կարճ՝ 12-ամյա պատմական վերելքը դեպի վեբ-որոնման ոլորտի ամենաբարձր գագաթը առնվազն հիասքանչ է։ Գուգլի գաղափարը ծնվեց 1996-ի մարտին Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, Stanford Digital Library Project (SDLP) անվանումը կրող հետազոտական նախագծի շրջանակներում։ Այդ ժամանակ Լարրին 23 տարեկան էր, իսկ Սերգեյը՝ 22։ SDLP-ի նպատակն էր մշակել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտային ստեղծել միայնակ գործող, սակայն ինտեգրացված թվային գրադարաններ։ Նույն տարվա մեջ այս երկու երիտասարդները որպես Ստենֆորդի համակարգչային գիտության բաժնի շրջանավարտներ, կյանքի կոչեցին BackRub անվանմամբ որոնման համակարգը։ 1997-ին էլ նրանք որոշեցին վերանայել այդ համակարգի անվանումը եւ կանգ առան «googol»-ի քիչ փոփոխված տարբերակի՝ google-ի վրա (առաջինն իրենից ներկայացնում է 1-ից հետո 100 զրոներով հաջորդվող գերմեծ թվի մաթեմատիկական անվանումը). սա, թերեւս անսահման տեղեկատվություն պարունակող վեբ-պահոց ստեղծելու տեսլականի արտացոլումն էր։ 1998-ին Sun ընկերության համահիմնադիր Էնդի Բեչտոլշեյմը այս երկու երիտասարդների մտահղացմանը տվեց «միս եւ արյուն»՝ ներդնելով ոչ ավել, ոչ պակաս քան 100 հազար ԱՄՆ դոլար։ Այսպես էլ 12 տարի առաջ ստեղծվեց Google Inc. ընկերությունը՝ այսօրվա գերհսկան։ Պատկերացնո՞ւմ եք, 1999-ին Գուգլն ուներ ընդամենը… 8 աշխատակից։ Եվ աճեց գուգլը՝ տարեց-տարի ընդլայնելով իր մատուցած ծառայությունների շառավիղը։ Այժմ գուգլը միայն որոնման թիվ մեկ համակարգը չէ, այլ համաշխարհային գովազդատու եւ գործընկեր, տեղեկատվական գերհզոր առցանց շտեմարան եւ օգտակար ծառայություններ տրամադրող բազմաճյուղ կորպորացիա, որի միայն 2009 թվականի շրջանառությունը կազմել է … 23 միլիարդ եւ 651 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծնունդդ շնորհավոր, մեծն Գուգլ… |
|
Всего комментариев: 0 | |