17:33 Գուգլ TV |
Շուրջ 4 ամիս առաջ նախաձեռնված գուգլ-TV նախագիծը նոր թափ է ստանում։ Ինչպես տեղեկանում ենք գուգլ-TV-ի պաշտոնական բլոգից, այս նախաձեռնությունը համալրվել է նոր հնարավորություններով։ Նախ, արդեն իսկ հնարավոր է դարձել գուգլ-TV-ի միջոցով դիտել TBS, TNT, CNN, Cartoon Network եւ Adult Swim հանրահայտ ալիքները։ Միեւնույն ժամանակ, CNBC Real-Time-ի միջոցով այլեւս կարելի է հեռուստաէկրանից հետեւել ֆինանսական աշխարհի նորություններին, ինչպես հուշում է անվանումը, Real Time ռեժիմով։ Այլ հնարավորություններից են HBO GO-ի եւ NBA Game Time-ի ինտեգրումը գուգլ-TV-ին։Հիշեցման կարգով նշենք, որ գուգլ-TV-ն իրենից ներկայացնում է գերժամանակակից ծրագիր, որը թույլ է տալիս հեռուստատեսությունը միաձուլել ինտերնետ անցուդարձին։ Այլ կերպ ասած, սա նոր ուղղություն է՝ հեռուստաեթերը հարստացնելու վեբ-ոլորտի տարբեր հնարավորություններով, եւ հեռուստաէկրանը «վերածելու» համակարգչային էկրանի, որով կարելի է միաժամանակ դիտել հեռուստահաղորդումներ եւ առցանց ռեժիմով աշխատել ինտերնետում։ Գուգլն այս նախագիծը կյանքի է կոչում մեկ այլ գիգանտի՝ Sony-ի հետ գործընկերությամբ. վերջինս պատրաստվում է արտադրել հեռուստացույցներ, որոնցում արդեն իսկ ներդրված կլինի գուգլ-TV ծրագիրը։ Այս շաբաթ Sony-ն ներկայացրել է ապագա հեռուստացույցի պուլտը, որը ոչ այլ ինչ է, քան… համակարգչային մինի-ստեղնաշար։ Նման հեռուստացույցը հնարավոր կլինի նաեւ կառավարել Android ծրագրով աշխատող սմարտֆոնի միջոցով։ Գուգլ-TV նախագծի տնօրեն Ռիշի Չանդրան ABC-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ «Մենք համոզված ենք, որ սա զարգացում է։ Հեռախոսը վերածվել է սմարտֆոնի, իսկ հեռուստատեսությունը՝ սմարտ-TV-ի»։ Ամենայն հավանականությամբ, գուգլն իր այս նոր արտադրանքը ԱՄՆ-ի շուկայում կներկայացնի մինչեւ այս տարվա վերջը, իսկ մյուս տարի, դարձյալ իրատեսական կանխատեսումներով, այն հասանելի կլինի նաեւ Ռուսաստանում։ Չի բացառվում, որ, ինչպես արդեն իսկ սկսել են հայտարարել շատերը, գուգլ-TV-ն կդառնա կաբելային հեռուստատեսության գերեզմանափորը։ Մանրամասների մասին կարող եք տեղեկանալ նոր բացված www.google.com/tv կայքից։ |
|
Всего комментариев: 0 | |