Ինչպես Բալզակն է ասում «Կյանքը մեքենա է, որին շարժման մեջ է դնում փողը»: Զարգանում է ֆինանսական շուկան, կատարելագործվում են ֆինանսական գործիքներն ու ֆինանսական մեխանիզմները, և չնայած դրան` հիմքում մնում է մեկ պարզ երևույթ. մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են դրամական միջոցների պահանջ և այդ նույն ժամանակ կան մարդիկ, որոնք ունեն դրամական միջոցների ավելցուկ և պատրաստ են որոշակի հատուցման դիմաց դրանք պարտքով տալ: Բոլոր այն ուղիները, մեթոդները, տարբերակները, որոնցով կատարվում են խնայողությունների հավաքագրումը և դրանց հետագա տեղաբաշխումը կոչվում են ֆինանսական գործիքներ: Դրանք տարբեր են՝ ամենաավանդական գործիքներից` ավանդ, վարկ, արժեթուղթ, մինչև ժամանակակից` պլաստիկ քարտեր, ֆյուչերսներ, ֆորվարդներ, օպցիոններ:
Ընդհանրապես ֆինանսական գործիքը մի պայմանագիր է, որը մեկի մոտ առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուս կողմի մոտ` ֆինանսական պարտավորություն կամ սեփական կապիտալի գործիք: Դուք ավանդ եք ներդնում ինչ-որ բանկում, դա ձեզ համար ֆինանսական ակտիվ է, որովհետև դուք կստանաք ապագա տնտեսական օգուտներ, միևնույն ժամանակ դա բանկի համար պարտավորություն է, բանկը պարտավոր է ձեզ վճարել ձեր ավանդի գումարը և տոկոսները: Դուք գնում եք ինչ-որ ընկերության թողարկած բաժնետոմս, դա ձեզ համար ֆինանսական ակտիվ է, իսկ բաժնետոմսը թողարկողի համար դա սեփական կապիտալը ավելացնելու, ներդրումներ գրավելու միջոց է: Ֆինանսական հաստատությունները տասնամյակներ ի վեր մշակում, ներդնում և կիրառում են այնպիսի ֆինանսական գործիքներ և ֆինանսական մեխանիզմներ, որոնք մրցակցության պայմաններում առավել գրավիչ կլինեն հաճախորդի համար: Ստորև կներկայացնեմ դրանցից մի քանիսը.
Ավանդ
Բանկի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է հասարակությունից միջոցներ ներգրավելու կարողությամբ: Խնայողությունների ներգրավման ամենաավանդական գործիքը ավանդն է: Գոյություն ունեն ավանդների տարբեր տեսակներ` պայմանավորված դրանց սեփականատերերով, տոկոսային եկամտի ապահովման եղանակներով և ժամկետայնությամբ: Փողը երբեք մի սառեցրեք` պահելով այն տանը: Եթե այն շրջանառության մեջ դնելու այլ տարբերակներ չկան, ապա ներդրեք այն ավանդում: Տանը պահելով` դուք կրում եք ինչպես ինֆլյացիայի ռիսկ (որից խուսափել հնարավոր չէ), այնպես էլ փողը կորցնելու ռիսկը: Սակայն մինչև փողը ավանդում ներդնելը, ուսումնասիրեք պայմանները, պարզեք, թե այն ձեզ ինչ տոկոսային եկամտաբերություն է ապահովում, թե ինչքան է ավանդի իրական տոկոսադրույքը, երբ հաշվի եք առնում ավանդի ժամկետի կտրվածքով ինֆլյացիայի գործոնը և հարկման դրույքաչափերը և հիշեք, որայսօրվա փողերը միշտ ավելի թանկ են, քան վաղվա փողերը:
Վարկ
Հավաքագրված խնայողությունների տեղաբաշխման ամենատարածված գործիքը վարկն է, որը հանդիսանում է տնտեսության բնականոն գործունեության ապահովման նախադրյալներից մեկը: Օգտվեք այս գործիքից, եթե չունեք այլ տարբերակներ:
Ֆակտորինգ
Ֆակտորինգը մի ֆինանսական գործիք է, որի ժամանակ գործարքի կողմերը երեքն են` գնորդ, բանկ, վաճառող: Երբ վաճառողը գնորդ է գտնում և տվյալ գնորդը այդ պահին ի վիճակի չէ վճարելու, վաճառողը չի ցանկանում կորցնել իր գնորդին, դիմում է բանկ, կնքում է ֆակտորինգի պայմանագիր, ըստ որի բանկը գնորդի փոխարեն վճարում է վաճառողին: Ֆակտորինգի միջնորդավճարները և սակագները վճարում է վաճառողը:
Լիզինգ
Լիզինգը սեփական միջոցների հաշվին հիմնական միջոցների ձեռքբերումն է և դրանց տրամադրումը վարձակալության արտադրական օգտագործման նպատակով: Օրինակ, բանկը կարող է ձեռք բերել տրակտորներ և դրանք տալ վարձակալության` դրա դիմաց ստանալով տոկոսներ: Գործարքին մասնակցում են երեք կողմ` լիզինգատու, լիզինգառու և մատակարար: Լիզինգատուն նախ կնքում է լիզինգի պայմանագիր լիզինգառուի հետ, այնուհետև առքուվաճառքի պայմանագիր մատակարարի հետ: Կախված լիզինգի տեսակից` հիմնական միջոցի սեփականության իրավունքի փոխանցում կարող է տեղի ունենալ կամ կարող է և տեղի չունենալ:
Ակրեդիտիվ
Ակրեդիտիվը օգտագործվում է միջազգային առևտրի ժամանակ գործարքի ֆինանսավորման նպատակով: Գործարքի մասնակից կողմերն են գնորդ, գնորդի բանկ, վաճառող, վաճառողի բանկ: Ակրեդիտիվ թողարկում է գնորդի բանկը գնորդի պահանջով և դրա համար վճարում է գնորդը:
Ռեպո գործարքներ
Ռեպո գործարքը ֆինանսական գործարք է, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է վաճառում մյուս կողմին և միաժանակ պարտավորվում է հետ գնել նույն արժեթուղթը որոշակի ժամանակ անց կամ մյուս կողմի պահանջով: Հետգնումն իրականացվում է արժեթղթի սկզբնական վաճառքի գնից տարբերվող գնով: Այսինքն ռեպո գործարքը դրամական միջոցների վարկի տրամադրումն է արժեթղթի գրավի դիմաց: Սակայն ի տարբերություն վարկի, այս դեպքում դրամական միջոցների և արժեթղթերի սեփականության իրավունքն անցնում է մյուս կողմին: Այսինքն ռեպո գործարքով մի կողմը բավարարում է դրամական միջոցների նկատմամբ իր պահանջը, արժեթուղթը վաճառելով փող է ստանում, իսկ մյուս կողմը արժեթղթի գրավի դիմաց պարտքով տալիս է իր փողը` դրանով ստանալով եկամուտ, իսկ եկամուտը արժեթղթի սկզբնական և վերջնական վաճառքի գների տարբերությունն է:
Արժեթուղթ
Շուկայական պրակտիկան մշակել է դրամի փոխանցման երկու հիմնական եղանակներ` վարկավորման և արժեթղթերի թողարկման և շրջանառության: Արժեթղթի իմաստը կայանում է նրանում, որ կապիտալի սեփականատիրոջ մոտ կապիտալը բացակայում է, սակայն նա ունենում է բոլոր իրավունքները, որոնք ամրագրված են արժեթղթում: Բանկային վարկի և արժեթղթի տարբերությունը կայանում է նրանում, որ վարկավորման ընթացքում վաճառվում և գնվում է դրամը` որպես ապրանք, իսկ արժեթղթի ձևով կարող են ամրագրվել հասարակական նշանակության ցանկացած իրավունքներ:
Արժեթղթերը լինում են
- ներդրումային (բաժնետոմս, պարտատոմս)
- վճարային (չեկ, մուրհակ)
- տիտղոսային (կոնոսամենտ, պահեստային վկայագիր)
- ածանցյալ (ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն)
Ներդրումային արժեթղթերի միջոցով կենտրոնացվում են խոշոր ֆինանսական ռեսուրսներ և օգտագործվում են ներդրման նպատակով: Վճարային արժեթղթերը օգտագործվում են որպես վճարման գործիքներ: Տիտղոսային արժեթղթերը որոշակի իրավունքներ հավաստող արժեթղթեր են, օրինակ` ապրանքի պատկանելիությունը որոշակի անձի, կամ օրինակ կոնոսամենտի դեպքում՝ հաստատում է դրա տիրոջ իրավունքը բեռի փոխադրումից հետո այն փոխադրողից ստանալու և տնօրինելու: Իր էությամբ ածանցյալ արժեթղթերի շուկան առաջացել և գործում է որպես ռիսկերի ապահովագրման մեխանիզմ: Այս արժեթղթերը կոչվում են ածանցյալ, որովհետև դրանց գինը ածանցվում է պայմանագրի հիմք հանդիսացող ակտիվի գնից:
Ֆորվարդ
Ֆորվարդային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է ապագայում պայմանագրով նախատեսված ապրանքի առաքման մասին, որը կնքվում է արտաբորսայական շուկայում: Եթե դուք ունեք որոշակի ակտիվի (ապրանքներ, բաժնետոմս, պարտատոմս, արտարժույթ) գնի վերաբերյալ կանխատեսումներ, կնքեք ֆորվարդային պայմանագիր, նոտարական վավերացմամբ տվեք դրան իրավական ուժ և սպասեք գների հետագա զարգացմանը: Ենթադրենք Տիգրանը Նանեի հետ կնքել է ֆորվարդային պայմանագիր այն մասին, որ 2 ամիս հետո նրան կվաճառի 100 դոլար՝ յուրաքանչյուրը 350 դրամ: Այսինքն Տիգրանը կանխատեսում է, որ 2 ամիս հետո դոլարի շուկայական գինը կիջնի և նա հնարավորություն կունենա այն վաճառել ավելի բարձր գնով` 350 դրամով, իսկ Նանեն, հակառակը, կանխատեսում է, որ դոլարի շուկայական գինը կբարձրանա և նա հնարավորություն կունենա այն գնել ավելի ցածր գնով` 350 դրամով: Ենթադրենք պարզվում է, որ ճիշտ են Տիգրանի կանխատեսումները, դոլարի շուկայական գինը իջնում է` դառնալով 330 դրամ, նշանակում է շահում է Տիգրանը, նա շուկայից գնում է 100 դոլար, 1$=330 դրամ փոխարժեքով և վաճառում է Նանեին 1$=350 դրամով և ստանում է 2000 դրամի եկամուտ:
Իսկ եթե Նանեի կանխատեսումներն են ճիշտ, 2 ամիս հետո դոլարի շուկայական գինը բարձրանում է` դառնալով 1$-ի դիմաց 380 դրամ, Նանեն Տիգրանից գնում է 100$` յուրաքանչյուր դոլարը 350 դրամով և վաճառում է շուկայում 1$=380 դրամ փոխարժեքով և ստանում է 3000 դրամի եկամուտ:
Ընդհանրապես գնորդը կանխատեսում է, որ շուկայում գները կբարձրանան, իսկ վաճառողը կանխատեսում է, որ գները կիջնեն:
Ֆյուչերս
Ֆյուչերսային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքված համաձայնություն է ապագայում պայմանագրով նախատեսված ապրանքի առաքման մասին: Ֆյուչերսային պայմանագիրը էական հատկություններով տարբերվում է ֆորվարդային պայմանագրից: Նախ ֆյուչերսային պայմանագիրը կնքվում է միայն բորսայում: Բորսան ինքն է մշակում յուրաքանչյուր ակտիվի համար ստանդարտ պայմաններ: Մյուս տարբերությունն այն է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ֆյուչերսային պայմանագրերի միայն 2-5% է ավարտվում ակտիվի իրական առաքմամբ: Այսինքն հակադարձ գործարքով (օֆսեթային գործարք) կողմերը կարող են փակել գրաված դիրքը` գնելով կամ վաճառելով ֆյուչերսային պայմանագիրը:
Օպցիոն
Եթե դուք վստահ եք ապագայում շուկայի զարգացման վերաբերյալ ձեր կանխատեսումներում, կարող եք կնքել ֆյուչերսային պայմանագիր, սակայն սխալ կանխատեսումների դեպքում հնարավոր է դուք ունենաք խոշոր կորուստներ: Եվ որպեսզի սահմանափակեք ձեր ֆինանսական ռիսկը, կնքեք օպցիոնային պայմանագիր, որը սահմանափակում է ձեր ռիսկը: Իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում դուք կտուժեք որոշակի գումարի սահմանում, միաժամանակ բարենպաստ զարգացման դեպքում ձեր օգուտը սահմանափակված չէ: Ռիսկի սահմանափակման գործիքը կատարվող պարգևավճարն է:
Մեխանիզնը հետևյալն է. Ենթադրենք ներդրողը պայմանավորվում է Ա ընկերությունից ձեռք բերել 100 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 120$ գնով: Օպցիոնի գինը, այսինքն պարգևավճարը, կազմում է 5$ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց, պայմանագրի ժամկետը լրանում է 3 ամսից: Ներդրողը հույս ունի, որ 3 ամիս հետո բաժնետոմսի շուկայական գինը կգերազանցի 120$-ը: Ենթադրենք նրա սպասումներն արդարանում են և բաժնետոմսի շուկայական գինը 3 ամիս հետո դառնում է 130$: Այդ դեպքում նա կիրառում է օպցիոնը, օպցիոն վաճառողից ձեռք է բերում բաժնետոմսերը 120$-ով և վաճառում է շուկայում 130$-ով: Սակայն յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց նրա ստացած շահույթը կլինի ոչ թե 10$, այլ 5$` հաշվի առնելով կատարած պարգևավճարը: Այժմ ենթադրենք 3 ամիս հետո բաժնետոմսի շուկայական գինը ընկել է` կազմելով 110$, այդ դեպքում նա իրավունք ունի չկիրառել օպցիոնը, քանի որ ընտրությունը նրանն է, պարգևավճար նա է կատարել, այս դեպքում նա տուժում է կատարված պարգևավճարի սահմանում` յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց 5$: