Приветствую Вас, Гость
Главная » 2012 » Январь » 26 » Էլեկտրոնային առեւտուրը պահանջում է հատուկ կարգավորում
22:14
Էլեկտրոնային առեւտուրը պահանջում է հատուկ կարգավորում

Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի հետ:

Պրն. Դանիելյան, էլեկտրոնային առեւտրի զարգացման հայեցակարգը վաղուց է քննարկվում, սակայն կարծես թե պարզ չէ` ի՞նչ պետք է հասկանալ «էլեկտրոնային առեւտուր» ասելով:

Իսկապես էլ` ՀՀ գործող օրենսդրությունը ներկայում հստակ չի սահմանում «էլեկտրոնային առեւտուր» հասկացությունը: Իսկ դա հետագայում խնդիրներ կառաջացնի, երբ էլեկտրոնային առեւտրի զարգացման հատուկ լուծումներ առաջադրվեն: Այս առումով առաջարկ ենք նախապատրաստել` արդարադատության նախարարությունը, որը թարգմանչական կենտրոն ունի, թարգմանի ԵՄ-ի Electronic commerce-ի դիրեկտիվը (ընդունված 2000 թ. հունիսի 8-ին), որն այնուհետեւ փորձենք Հայաստանում տեղայնացնել: Բացի այդ` Հայաստանում գոյություն ունի տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ, որտեղ էլեկտրոնային առեւտուրը ներկայացված է որպես մանրածախ առեւտրի տարատեսակ: Սահմանումը մոտավորապես հետեւյալ տեսքն ունի. «առանց առեւտրի տարածք ունեցող մանրածախ առեւտրի տեսակ»: Բայց էլեկտրոնային առեւտուրը կարող է լինել ոչ միայն մանրածախ, այլեւ մեծածախ (2 իրավաբանական անձանց միջեւ): Կարող է լինել նաեւ ավտոմեքենաների ու դրանց մասերի էլեկտրոնային առեւտուր, թեեւ առեւտրի այդ տեսակն առանձնացված է մեծածախ ու մանրածախ առեւտրից: Քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածում նշվում է, որ ապրանքների եւ ծառայությունների գործարքը պարտադիր պետք է ստորագրվի: Նույն օրենսգրքի 508 եւ 520 հոդվածներով սահմանվում է մանրածախ առեւտրի տարատեսակը, երբ ստորագրություն չի պահանջվում (երբ, օրինակ, քաղաքացին գնում է խանութ` առեւտուր անելու): Նման բացառություն պետք է անել նաեւ էլեկտրոնային առեւտրի մասով, քանի որ սովորաբար այդ դեպքում 2 անձանց միջեւ պայմանագիր ուղղակի չի կնքվում: Չի ենթադրվում նույնիսկ փաստաթղթերի հետագա փոխանակում, եթե հատուկ պահանջ չկա: Հետեւաբար` այս դաշտը պետք է հստակ իրավական սահմանումներ ստանա, ու դա քմահաճույք չէ, այլ օբյեկտիվ պահանջ:

Ես ճի՞շտ հասկացա` էլեկտրոնային առեւտրի դեպքում կարեւորը ապրանքի պատվիրումն է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը կարելի է իրականացնել ցանկացած ձեւով (նաեւ` ոչ էլեկտրոնային եղանակով):

Եթե ըստ գործունեության տեսակի ես դիտարկում, ապա այո` պարտադիր չէ վճարումն իրականացնել էլեկտրոնային եղանակով (այդ հասկացությունն ինքնին հստակեցման կարիք ունի): Կարելի է վճարել կանխիկ, կարելի է քարտով վճարել, վիրտուալ փող օգտագործել, բանկային փոխանցում անել եւ այլն: Դա վճարահաշվային համակարգի զարգացվածության աստիճանից է կախված; Իհարկե` ցանկալի է, որ ամբողջ գործընթացն իրականացվի էլեկտրոնային եղանակով, ներառյալ նաեւ վճարումը:

Դուք ղեկավարում եք էկոնոմիկայի նախարարի կողմից ձեւավորված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովը, որը զբաղվում է էլեկտրոնային առեւտրի զարգացման հարցերով: Ի՞նչ արդյունքներ եք գրանցել մինչ այսօր:

Մեկ տարի առաջ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հնչեցրեց այս խնդիրը: Մի քանի ամիս անց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց խնդիրը եւ վերլուծություն, որը ներառում էր էլեկտրոնային առեւտրի զարգացման հիմնական ւղղությունները, պատկերացումները եւ մտահոգությունները;  Դրանից հետո վարչապետը հանձնարարեց ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին նշեցիք: 2011թ. հոկտեմբերից ԻՏՁՄ-ն «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնում է էլեկտրոնային առեւտրի բնագավառում պետական քաղաքականության եւ իրավական դաշտի բարեփոխումների աջակցման ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբում առանձնացվել են 3 հիմնական խումբ խնդիրներ. մաքսային, հարկային վարչարարություն եւ վճարահաշվարկային համակարգ: Քննարկումների արդյունքում նախապատրաստել ենք մի նոր փաստաթուղթ, որտեղ կենտրոնացել ենք 9 խնդիրների վրա:

Շատերին հատկապես հետաքրքրում է, թե մաքսայինի հետ կապված խնդիրները ինչպիսի՞ լուծումներ կստանան:    

Էլեկտրոնային առեւտրի դեպքում մաքսային համակարգի հետ խնդիրներ առաջանում են եւ ներմուծելիս, եւ արտահանելիս: Կարծիք կա, որ էլեկտրոնային առեւտուրը մանրածախի տարատեսակ է, եւ կապ չունի մաքսային համակարգի հետ: Սակայն մաքսայինի հետ կապված 4 խնդիր ենք առանձնացրել: Առաջին` մեր մաքսային օրենսդրությունը մշակված է խոշորածավալ առեւտրային մեծածախ գործարքների համար, որի դեպքում պարտադիր է մաքսային միջնորդի ինստիտուտը եւ տնտեսվարողի ֆիզիկական ներկայությունը մաքսազերծելիս: Մենք առաջարկում ենք փոստային եւ սուրհանդակային միջնորդների միջոցով իրականացվող փոխադրումների ընթացակարգերը առավելագույնս պարզեցնել, ընդհուպ` չպահանջել անձի ներկայությունը մաքսակետում: 

Ապրանքներ ներմուծելիս էական նշանակություն է ձեռք բերում մաքսային արժեքի որոշման մեթոդը: Եթե ապրանքը սահման է հատելու փոստի կամ սուրհանդակային ծառայության  միջոցով, ապա դա ի սկզբանե ենթադրում է գործարքի թափանցիկություն: Հստակ երեւում է գործարքի գինը, ապահովագրության արժեքը եւ ալն: Հետեւաբար` մաքսային արժեքը պետք է որոշվի գործարքի գնով, իհարկե, չբացառելով այլ մեթոդների կիրառումը, եթե չվստահելու պատճառներ կան: Հաջորդ առաջարկությունը կապված է փոքրարժեք ապրանքների ներմուծման հետ, որի դեպքում ներկայում պահանջվում է բեռնամաքսային հատարարագիր; Ուղղակի հարկավոր է կիրառել միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, այն է` հիմք ընդունել փոստի CN 22 եւ CP 72 փաստաթղթերը, որոնք ըստ էության բեռնամաքսային հայտարարագրի տարատեսակ են:

Արտահանման դեպքում հետեւյալ խնդիրը կա: Եթե մեր ռեզիդենտ իրավաբանական անձը էլեկտրոնային առեւտրով այլ երկրի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին ապրանք է առաքում, ապա պետք է ավելացված արժեքի հարկի վերադարձի հնարավորություն ունենա: Բայց դրա համար պետք է ապրանքը մաքսազերծի: Եթե դա փաստաթղթով է իրականացվում` ապա պահանջվում է մաքսային բրոքերի միջնորդությունը, իսկ եթե էլեկտրոնային տարբերակով` տվյալ իրավաբանական անձը ներկայացնող որակավորված մասնագետի առկայությունը: Բայց մենք առաջարկում ենք պարզեցնել այդ ընթացակարգերը` թե ֆիզիկական, թե իրավաբանական անձի դեպքում բացառել մաքսային միջնորդի ներկայությունը:  

Եթե չեմ սխալվում` առաջարկներ կան նաեւ մաքսավճարի չափի հետ կապված:

Այսօր մաքսավճարը 5 հազ. դրամ է, որը նախատեսված է մեծածախ առեւտրի դեպքում մեծ ծավալներ ներմուծելու համար, երբ մաքսային աշխատողը որոշակի ծառայություններ է մատուցում: Մաքսավճարը պետք է հատուցեր ՊԵԿ-ին այն նյութական եւ ոչ նյութական ծախսերը, որ նա իրականացնում է նման ծառայություններ մատուցելիս: Բայց երբ էլեկտրոնային առեւտուր է իրականացվում փոստային միջնորդի կամ online տարբերակով, ապա վճարի այդ չափը արդարացված չէ: Ստացվում է` եթե 5 հազ. դրամ արժողությամբ ապրանք ես առաքում, պետք է եւս 5 հազ. դրամ մաքսավճար վճարես: Բայց չէ՞ որ էլեկտրոնային առեւտրի դեպքում նման բազմաթիվ փոքր գործարքներ են տեղի ունենում: Եւս մի խնդիր կա` փոստային ծառայությունների միջոցով կարելի է ապրանք ներկրել 6 ամիսը մեկ անգամ, մինչեւ 150 հազ. դրամ եւ մինչեւ 20 կգ; Գործնականում` մեր մաքսային ռեժիմը լիբերալ է, եւ միշտ չէ, որ հետեւում են, թե առաքումը տարվա մեջ առաջինն է՞, թե՞ երկրորդը: Այսինքն` քաղաքացիների համար գործում է պարզ ռեժիմ; Բայց մտահոգությունը մնում է, եւ պետք է օրենսդրորեն առաջադեմ ռեժիմներ սահմանել ` հանելով գոնե ժամկետային սահմանափակումները, ասենք` մինչեւ 200 հազ. դրամի սահմաններում:

Просмотров: 754 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]