Coca-Cola ընկերության պատմությունը սկսվում է 1886 թվականի մայիսի 8-ին, ամերիկյան այն ժամանակվա փոքրիկ Ատլանտա քաղաքում` դեղագործ Ջոն Պեմբերտոնի տան հետնաբակում: Այդ օրը հարգարժան Ջոն Պեմբերտոնը պղնձե տարրայում եփում էր անսովոր մի օշարակ: Օշարակը (сироп) ստացվում է քաղցր և թանձր: Պեմբերտոնը կանչում է իր հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնին և կիսվում նրա հետ իր հայտնագործությամբ: Իմիջիայլոց հենց Ռոբինսոնն է հետագայում մտածում հայտնի ըմպելիքի անվանումն ու ապրանքանիշը: Նույնիսկ հիմա էլ զովացուցիչ ըմպելիքի ապրանքանիշը պատկերվում է ճիշտ նույն ձևով, ինչպես ժամանակին մտածել էր Ռոբինսոնը:
Իր անվանումը Coca-Cola-ն ստացել է ոչ պատահական: Այն առաջացել է ըմպելիքի պատրաստման ժամանակ օգտագործվող բաղադրիչների անվանումներից` կոկայի տերևներից (դրանցից է պատրաստվում նաև կոկաինը) և կոլա կոչվող ծառի ընկույզներից:
Ջոնը իր պատրաստած օշարակը տանում է քաղաքի ամենամեծ «Ջեկոբս» դեղատուն: Հենց նույն օրվանից այն սկսվում է վաճառվել հաճախորդներին` մեկ բաժակը 5 ցենտով: Օշարակը վաճառվում էր ինչպես շշերով, այնպես էլ «լցնովի»: Ի դեպ վերջին տարբերակում այն բացում էին ջրով` հեշտ խմելու համար: Սկզբում ըմպելիքը դեռ գազավորված չէր: Այն իրենից ներկայացնում էր դարչնագույն, թանձր և քաղցր լուծույթ: Սակայն տեղի է ունենում մի պատահականություն, որը փոխում է ամեն ինչ:
Այդ օրը գնորդներից մեկը, որը տառապում էր հետխմիչքային գլխացավով, գնում է Coca-Cola-ի մեկ շիշ օշարակ և խնդրում է դեղատան աշխատողներից Վիլլի Վենեյբլին (դեղատնում նա գազավորված ջուր էր լցնում) բացել օշարակը ջրով: Վենեյբլը չի ուզում գնալ դեղատան մյուս ծայրում գտնվող ջրի ծորակի մոտ և հարցնում է հաճախորդին, դեմ չի՞ լինի արդյոք նա, եթե օշարակը սովորականի փոխարեն բացվի գազավորված ջրով: Հաճախորդի համար միևնույն էր, նրան տանջում էր գլխացավը: Նա խմում է գազավորված ջրով ավելացված «փրփրուն» ըմպելիքը և հիացմունքով բացականչում.
«Այ’ սա ուրիշ բան, հիանալի է: Սա շատ ավելի լավ է, քան սովորական ջուրը»:
Այդ խոսքերը միանգամից տարածվում են ողջ Ատլանտայում և այդուհետ մարդիկ սկսում են խմել բուժիչ ըմպելիքը միայն գազավորված ջրով:
Հենց նույն ամռանը Ատլանտայում սկսում է գործել «չոր օրենքը»` այդ օրվանից ալկոհոլային խմիչքները պաշտոնապես արգելվում են: Մարդիկ սկսում են ավելի շատ Coca-Cola խմել և ըմպելիքի վաճառքի ծավալները աճում են: Սակայն այդ ժամանակ էլ Պեմբերտոնի առողջությունը սկսում է վատանալ, ինչպես նաև նա չուներ բավարար միջոցներ բիզնեսը ընդլայնելու համար: Եվ հրաշք-ըմպելիքի հիմնադիրը վաճառում է դրա բանաձևն ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները մի քանի գործընկերների` մասնավորապես ընկերության 2/3-ը նույն Վենեյբլին` Coca-Cola-ի գազավորված տարբերակը բացահայտողին: Պեմբերտոնը մահանում է 1888 թվականի օգոստոսի 16-ին աղքատության մեջ և վերջին հանգրվանն է գտնում աղքատների համար նախատեսված գերեզմանոցում: Եվ միայն 70 տարի անց է Coca-Cola-ի հիմնադրի գերեզմանին քարե հուշարձան տեղադրվում:
Մահվանից մի քանի ամիս առաջ, 1888 թվականին, Պեմբերտոնը 1200 դոլարով վաճառում է Coca-Cola-ի արտադրության բիզնեսում իր մասնաբաժինը հաջողակ գործարար Ազա Քենդլերին: Վերջինս շուտով գնում է նաև մյուս գործընկերների մասնաբաժինները և 1891 թվականին դառնում է Պեմբերտոնի ընկերության սեփականատերը, որի համար վճարում է ընդամենը 2300 դոլար: 1892 թվականի հունվարի 29-ին իր եղբոր` Ջոնի, Ֆրենկ Ռոբինսոնի և երկու այլ գործարարների հետ Քենդլերը հիմնում է Coca-Cola ընկերությունը: Սկզբում այն գնահատվում էր 100 հազար դոլար` հսկայական թիվ այդ ժամանակվա տվյալներով: Սակայն Քենդլերը դրանով չէր բավարարվում, նա երազում էր ընդլայնել արտադրությունը: Օժտված լինելով հմուտ վաճառողի տաղանդով` նա զգում էր, թե ինչպես պետք է գովազդել ապրանքը` շուկայում այն առաջխաղացնելու համար: Նա մտածում է կտրոններ, որոնք բոլորին առաջարկում էին անվճար փորձել մեկ բաժակ Coca-Cola: Փորձելով արտասովոր ըմպելիքի համը` մարդիկ գնում էին այն ավելի ու ավելի շատ: 1894 թվականին Coca-Cola-ն արդեն վաճառվում էր Ջորջիա նահանգի սահմաններից դուրս: Բացվում են օֆիսներ և գործարաններ Դալլասում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և Ֆիլադեֆիայում: Շուտով Coca-Cola-ն վաճառվում է նաև ողջ երկրում: 1897 թվականին այն կարելի էր գնել նաև Կանադայում և Հավայան կղզիներում, ինչպես նաև Մեքսիկայում: Գրեթե 10 տարվա ընթացքում Քենդլերը մեծացնում է վաճառքի ծավալները մոտ 400 տոկոսով:
Coca-Cola-ի հաջողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով: Առաջինը, դա մշտապես երաշխավորված որակն է: Երկրորդը, ըմպելիքը էժան է, հետևաբար հասանելի է յուրաքանչյուրին: Coca-Cola-ն կարելի է գնել ամենուր: Coca-Cola-ի կարմրա-սպիտակավուն շիշը չես խառնի ոչ մի բանի հետ: Եվ վերջապես, Coca-Cola-ի գովազդը մշտապես աչքի առջև է: Ի շնորհիվ էֆֆեկտիվ գովազդի և ճիշտ ընտրված առևտրային քաղաքականության` Coca-Cola-ն դարձել է մեր կյանքի անփոխարինելի մասը: Այսօր Coca-Cola-ն արտադրում է ոչ միայն համանուն ըմպելիքը, այլ նաև այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որոնց գումարային վաճառքի ծավալները գերազանցում են ցանկացած նմանատիպ ընկերության վաճառքները: