- Գիտես, անցած ամիս գնացել էինք Դուբայ հանգստանալու: Շատ լավ անցավ, հիանալի տեղ էր:
- Ի՜նչ ես ասում, շատ լավ է: Մենք էլ անցած տարի գնացել էինք Անթալիա: Երկու շաբաթ մնացինք: Իսկ դուք տուրո՞վ էիք գնացել:
- Չէ, որոշեցինք ինքնուրույն անել ամեն ինչ: Տոմսերը վերցրեցինք, հետո հյուրանոցը …
– (ընդհատում է) Իսկ մենք այստեղից տուր վերցրեցինք: Շատ լավ պայմաններ էին: Այդ գործակալությունը միշտ էժան տուրեր է առաջարկում:
– Մենք էլ էինք սկզբում գործակալության դիմում, բայց հետո փոշմանեցինք:
– Պարզ է: Դուբայում շատ տեսարժան վայրեր կային: Ահագին նկարվել ենք: Մի օր նկարները ցույց կտամ:
– Անթալյայում էլ շատ տեղեր կային: Վերջի օրը գնացինք իրենց ակվապարկը: Մի իսկական հրաշք էր:
– Ես էլ Դուբայում առաջին անգամ ուղտ նստեցի (ծիծաղում է): Չնայած մի քիչ վախեցած էի: Ասում էին` երբեմն մարդկանց փախցնում են:
- Կարևորը, որ հետ եք եկել (ծիծաղում է): Մեր հյուրանոցը լավն էր: Ճիշտ արեցինք, որ 5 աստղանի ընտրեցինք: Ձերը քանի՞ աստղանի էր:
– Մերը 4 աստղանի էր, բայց էլի շատ լավ պայմաններ էին` լողավազան, բար, խաղային …
– (ընդհատում է) Լսի, մեր մոտ էլ մի հատ շատ մեծ լողավազան կար: Չնայած ծովը կողքն էր, բայց մեծ հաճույքով լողավազան էլ էինք գնում:
- Հա՞ (ծիծաղում է): ՉԷ, մենք լողավազանում համարյա չլողացինք: Ամեն առավոտ ու երեկոյան ծով էինք գնում:
- Մենք միայն երեկոյան էինք ծով գնում: Առավոտը աշխատում էինք երկար քնել (ծիծաղում է):
– Երկար քնելն էլ մի բան չի: Օրինակ, ես իմ ժամանակը ափսոսում եմ: Դրա փոխարեն կարող եմ ուրիշ բան անել:
- Ես էլ էի սկզբից ափսոսում ու քիչ էի քնում: Բայց հետո զգացի, որ քիչ քնելու դեպքում օրս ավելի անարդյունավետ է անցնում: Ավելի լավ է երկար քնել:
– Դեե… չգիտեմ: Ես լավ չեմ կողմորոշվում, միգուցե ճիշտ ես: Իսկ ո՞ր ավիաուղիով եք թռել:
- Չեխիական ավիաուղիներով:
- Իսկ մենք Աերոֆլոտով: Ուտելիքը լա՞վն էր:
- Դե կարտոֆիլով սուպ էր ու մի կտոր միս: Հետո թեյ տվեցին ու ..
- (ընդհատում է) Մեզ մոտ էլ էր գրեթե նույն բանը (ծիծաղում է): Բայց շոկոլադ էլ տվեցին: Շատ եմ սիրում շոկոլադ (ժպտում է):
– Պարզ է (ժպտում է): Դե լավ, ես պետք է արդեն գնամ, հանդիպման եմ, հետո էլի կխոսենք:
- Հա, եղավ, ես էլ պետք է գնամ: Երեկոյան ծնունդի ենք հրավիրված, իսկ ես բան չեմ արել:

Եզրակացություններ արեք այս խոսակցությունից և եթե դուք էլ այդպիսին եք` աշխատեք ձեր վրա: Երբ սկսեք ուշադրություն դարձնել մարդկանց հետ շփման վրա, հավատացեք, ժամանակի ընթացքում մեծ արդյունքների կհասնեք: